Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Armenpress 16:50, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած բանակցություններում։

«Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», - Աշտիանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Իրանին աջակցելու համար։

«Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ձեր արդարացի, ազնիվ դիրքորոշման համար՝ Դամասկոսում մեր հյուպատոսության վրա հարձակման ժամանակ ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մեր համաչափ պատասխանին ձեր հավասարակշռված արձագանքի համար», - ասել է Աշտիանին:

Ապրիլի 13-ին Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am